Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լրահոս կանանց համար

Անվճար վիրահատական օգնություն կանանց

Անվճար վիրահատական օգնություն կանանց

Արդեն հինգերորդ տարին է, ինչ Երեւանի քաղաքապետարանը կանանց երկու տոների՝ մարտի 8-ի եւ ապրիլի 7-ի կապակցությամբ Երեւանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում անցկացնում է կանանց անվճար վիրահատական օգնության միամսյակ։ 


«Ձեզ համար, կանայք» խորագրով ակցիայի շրջանակներում ԲԿ դիմած հիվանդներն անվճար բուժօգնություն են ստանում գինեկոլոգիական եւ վիրաբուժական ծառայությունների ուղղությամբ՝ բաց եւ էնդոսկոպիկ եղանակներով։


Անցյալ տարի ակցիայի շրջանակներում բժշկական կենտրոն է դիմել 315 հիվանդ։ Անվճար վիրահատված կանանցից 120-ը եղել են Երեւանից, 53-ը՝ հանրապետության տարբեր մարզերից եւ Արցախից։


Երեկ սկսվել է արդեն ավանդական դարձած միամսյակը։ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ էին մեկնել Երեւանի փոխքաղաքապետ Վանո Վարդանյանը եւ քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչության պետ Արմեն Ուլիխանյանը։ Բժշկական կենտրոնի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանի ուղեկցությամբ նրանք այցելեցին կենտրոնում այս պահին բուժվող հիվանդներին եւ ծննդաբերած մայրերին, տոնի կապակցությամբ ծաղիկներ նվիրեցին նրանց։


Մեկ տարի առաջ հիմնանորոգված եւ արդիական բժշկական սարքավորումներով կահավորված բժշկական կենտրոնը հիանալի հնարավորություններ ունի առավել արդյունավետ բուժօգնություն ցուցաբերելու երեւանցիներին եւ մարզերի բնակիչներին։ Անցյալ չորս տարիների ընթացքում կազմակերպված անվճար բժշկական օգնության ակցիաների դրական արդյունքը հաշվի առնելով, ինչպես նաեւ արձագանքելով բազմաթիվ կանանց դիմումներին՝ քաղաքապետ Կարեն Կարապետյանը հանձնարարել է շարունակել ակցիան նաեւ այս տարի։ Ի դեպ, անցած չորս տարիներին իրականացված միամսյակների արդյունքում, ինչպես տեղեկացրեց Արմեն Ուլիխանյանը, վիրահատվել է 552 կին, որոնցից 345-ը՝ երեւանցիներ, 207-ը՝ մարզերի բնակիչներ։ Այս տարի նախատեսված է շուրջ 100 վիրահատություն։ «Այս ակցիայի գործընթացում ընդգրկված են նաեւ պոլիկլինիկաները,-ասաց Արմեն Ուլիխանյանը,- բժշկական օգնության կարիք ունեցող կանայք կարող են հետազոտվել իրենց սպասարկող պոլիկլինիկաներում։ Եթե հետազոտման արդյունքում անհրաժեշտ է համարվում վիրաբուժական միջամտությունը, ապա կուղեգրվեն «Սուրբ Աստվածամայր» ԲԿ՝ անվճար վիրահատության»։ Առողջապահության վարչության պետի տեղեկացմամբ՝ անցյալ տարի կազմակերպված ակցիայի ծախսը կազմել է 26 մլն դրամ։ Այս տարի այդ թիվը կհասնի 20-25 մլն դրամի։ Երեկվա դրությամբ բժշկական կենտրոնում անվճար բուժօգնության ծրագրով մեկ հիվանդ վիրահատվել էր, հերթագրված էին չորսը։
Ներկայացնելով աշխատանքային փորձից բխող հետեւությունը՝ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ տնօրեն Նիկոլայ Դալլաքյանը նշեց. «Մեզ դիմողների մեծամասնությունը գինեկոլոգիական խնդիրներ ունեցողներ են։ Ցավոք, մեծ մասը բժշկի է դիմում ուշացած, երբ վիրաբույժները ստիպված են հեռացնել արգանդը։ Շատ դեպքերում կատարում ենք մասնագիտական խորհրդատվություն, որպեսզի կոնսերվատիվ բուժման հիման վրա խուսափենք նման բարբարոսական վիրահատությունից։ Բավականին մեծ զանգված են կազմում կանացի ռեպրոդուկտիվ համակարգի հիվանդությունները։ Հայ կանայք, նվիրված իրենց ընտանիքներին, իրենց առողջության խնդիրները միշտ թողնում են վերջին պահին։ Այս բարեգործական ակցիան ուղղված է հենց այդպիսի կանանց, որպեսզի նրանք կարողանան անցնել դժվարին վիրահատությունները։ Հիմնականում ընտրում ենք սոցիալապես անապահով կանանց, ովքեր չունեն նպաստառու դառնալու շեմն անցնող միավորներ, բայց փաստացիորեն գտնվում են սոցիալական ծանր վիճակում»։


Ըստ էության, կազմակերպվող ակցիան, կտրուկ սոցիալական ուղղվածություն չունենալով հանդերձ, այնուամենայնիվ, հիմնականում սոցիալական է։ Եվ դա, ըստ Նիկոլայ Դալլաքյանի, պայմանավորված է այն հանգամանքով, որ սահմանափակ են միամսյակի հնարավորությունները։ «Մենք չենք կարող բոլոր ցանկացողներին անվճար վիրահատել։ Օրինակ, անցյալ տարի չորս-հինգ օրերի ընթացքում մեզ դիմեց 315 կին։ Այս պարագայում աշխատում ենք, որ ապահովվի որոշակի սոցիալական արդարացիություն։ Սահմանափակ օգնությունը ձգտում ենք հասցնել դիմողներից ամենակարիքավորներին»,- ասաց բժշկական կենտրոնի ղեկավարը։

Հեղինակ. Պետրոս ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆ
Աղբյուր. hhpress.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ